Բրանդենբուրգի օրինակով Գերմանիայի որոշ զարգացումների մասին

Անցած կիրակի Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինը չորս կողմից «շրջապատող» Բրանդենբուրգ երկրամասում տեղի ունեցան խորհրդարանական ընտրություններ, որի արդյունքում ինչպես աջակողմյան, այնպես էլ ձախակողմյան ընդդիմադիրները էապես բարելավեցին իրենց դիրքերը։ Ընտրությունների արդյունքներից ելնելով «ավանդական» իշխանական կուսակցությունները կոալիցիա կարող են ստեղծել կա՛մ ձախակողմյան, կա՛մ աջակողմյան ուժերի հետ համագործակցելով, ինչն արդեն իսկ վկայում է գերմանական քաղաքական լանդշաֆտի էական փոփոխությունների մեկնարկի մասին։

Սակայն, այս հոդվածում ընթերցողին առաջարկվում է ուշադրությանը սևեռել երեկ քվեարկած 16-24 տարեկան գերմանացիների քաղաքական  տրամադրվածության վրա։ 

Քվեարկածների ավելի քան երեքից մեկն իր ձայնը տվել է գերմանական «Այլընտրանքին», այն է՝ գերմանական ազգային պետականության սուվերենության ամրապնդումը քարոզող արմատական ընդդիմադիր ուժին (Alternative für Deutschland)։ Իսկ հինգից մեկն իր ձայնը տվել է ըստ էության նախնին Արևելյան Գերմանիայի տարիներին գործող գերմանացի կոմունիստների քաղաքական ժառանգներին, որոնք մեծ հաշվով նաև այսօր կոմունիստական անցյալին բնորոշ գաղափարախոսություն և կառավարման մեթոդներ են քարոզում (Die Linke և BSW)։

Մի շարք հարցերում մեկը մյուսից  180 աստիճանով տարբերվող աջակողմյան «Այլընտրանքն» ու «Ձախերը» սակայն ունեն ընդհանրություններ։ Դրանք են, օրինակ՝

  • ՆԱՏՕ-ի և ԱՄՆ քաղաքականության նկատմամբ խիստ բացասական վերաբերմունքը, ընդհուպ մինչև Գերմանիայի տարածքից Ամերիկյան զորքերի ամբողջական դուրսբերումը, որոնց նրանք որակում են՝ իբրև «օկուպացիոն զորքեր»,
  • Ուկրաինայի պատերազմում Կիևին տրամադրվող ռազմական և ֆինանսական օգնության անհապաղ դադարեցումը, և
  • Ռուսաստանի Դաշնության հետ բարիդրացիական հարաբերությունների վերականգնումը՝ փոխշահավետության հիման վրա և այլն։

Հատկանշական է նաև այն փաստը, որ ինչպես ազգային պետականության կողմնակից «աջերը», այնպես էլ նրանցից այս հարցում 180 աստիճանով տարբերվող՝ լիբերալ գաղափարներ քարոզող գերմանացի «ձախերը» սեփական կառավարությանն անվանում են «Միացյալ Նահանգների վասալ»։ 

Գերմանական քաղաքական կյանքի նման զարգացումների շարունակման պարագայում արդեն իսկ մոտակա 10, եթե ոչ ավելի շուտ, տարիների ընթացքում երկրի ղեկին կարող են հայտնվել վերը նշված ուժերի ներկայացուցիչները, ինչը խիստ բացասական կանդրադառնա որոշ մայրաքաղաքների, այն է՝ ուժային կենտրոնների, նպատակների վրա։

Վերլուծելով որոշ իրադարձություններ կարելի է ենթադրել, որ սեփական ազգի տրամադրություններն առանց այս ընտրությունների արդյունքների հայտնի են վերջին տարիներին Գերմանիայում իշխող ուժերի ղեկավարներին։

Հավանաբար այդ իսկ պատճառով հատկապես վերջին տարիներին, «հումանիզմի» շղարշի ներքո իշխանությունները տարբեր ճգնաժամային տարածաշրջաններից և բռնապետական երկրներից ընդունում են միլիոնավոր մարդկանց։ Իսկ բարձրակարգ  մասնագետների և սպասարկման ոլորտում «ոչ պատշաճ քանակի» առկայության պատճառաբանությամբ երկիր են հրավիրում հարյուր հազարավոր «կադրեր» այլ մայրցամաքներից։ Դրա վերջին վառ օրինակներից է Կենիայի և Ուզբեկստանի հետ կնքված համապատասխան համաձայնագրերը։

Միլիոնավոր մարդկանց երկրում այս կամ այն կերպ կացության կարգավիճակ տրամադրելուն զուգահեռ Գերմանիայի իշխանությունները պարզեցնում են երկրի քաղաքացիության ձեռքբերման կարգը։ 

Ամենայն հարգանքով թվարկած մարդկանց նկատմամբ այնուամենայնիվ պետք է արձանագրել, որ նրանք ըստ էության չունեն ո՛չ պատմական, ո՛չ էմոցիոնալ կապ գերմանական պետականության հետ։ Այսինքն, նրանց համար Գերմանիան «սկսվել է» փախստականի կարգավիճակ և սոցիալական օգնություն կամ աշխատանքի դիմաց աշխատավարձ ստանալով։ Այդ իսկ պատճառով վերպետական (գլոբալիստական) ուժերի շահերով առաջնորդվող գերմանական իշխանություններն իրենց վերարտադրվելու հույսերը կապելու են այս «նոր գերմանացիների» հետ, որոնք հավանաբար կքվեարկեն այն ուժերի օգտին, որոնք իրենց Գերմանիայում ապրելու և այստեղ նոր կյանք սկսելու հնարավորություն են տվել։ 

Արդյունքում երկիրն ազգային պետական տարրեր (դեռևս) ունեցող պետությունից պետք է կվերածվի գերմաներենով խոսող մարդկանցով բնակեցված մի տարածքի, որը քայ ալ քայլ իր սուվերեն իրավունքները պետք է շարունակի տրամադրել Եվրոպական Միության ղեկավարությանը, ինչպես դա անում են այդ կառույցի այլ անդամ երկրները։

Նա, ով այս ամենի դեմ խոսի, կպիտակվի «ազգայնական» կամ «հետադիմական ագրեսիվ Ռուսաստանի ջատագող»։

«ԲՆԱԳԻԾ»