Թուրքիան նախատեսում է դառնալ Եվրոպայի հիմնական գազի մատակարարը կամ Եվրոպայի հերթական ինքնախաբեությունը
Երեկ՝ սեպտեմբերի 19-ին, թուրքական պետական «Botas» գազային ընկերությունը տասնամյա պայմանագիր է կնքել ֆրանսիական «Total» նավթագազային կորպորացիայի հետ՝ 1,2 մլն տոննա հեղուկ բնական գազի (այսուհետ՝ LNG) մատակարարման համար։ Առաջին մատակարարումները նախատեսված են 2027 թվականին։
Սեպտեմբերի սկզբին այդ նույն «Botas»-ը բրիտանական «Shell»-ի հետ էր կնքել ևս 10 տարվա պայմանագիր՝ 2,9 մլն տոննա LNG մատակարարելու համար, որը նույնպես կսկսվի 2027 թվականից։
Ամերիկյան «Exxon» ընկերության հետ բանակցություններ են տարվում տարեկան մինչև 2,5 մլն տոննա LNG մատակարարման շուրջ։
Թուրքիայի նպատակն է միավորել գազի մատակարարումները իր տարածքում տարբեր աղբյուրներից, ինչի համար «Botas»-ը դիտարկում է նաև LNG-ի մատակարարման համար լրացուցիչ երկարաժամկետ պայմանագրեր կնքելու հնարավորությունը։
Թուրքիայի էներգետիկայի նախարար Ալփարսլան Բայրաքթարը «Total»-ի հետ գործարքի ֆոնին նշել է, - «այժմ մենք կարող ենք առաջարկել այս գազը եվրոպացի սպառողներին, հատկապես Հարավարևելյան Եվրոպայի երկրներում, որոնք մատակարարումների խիստ կարիք ունեն»:
Նախկինում Թուրքիայի արտահանման հնարավորությունները դեպի արևմտյան շուկաներ սահմանափակվում էին խողովակաշարերի անբավարար հզորությամբ: Այդ պատճառով Անկարան վերջին տարիների ընթացքում շոշափելի ներդրումներ է կատարել LNG-ի փոխադրման և պահեստավորման ենթակառուցվածքների զարգացման մեջ:
Մինչ այժմ Թուրքիան հիմնականում խաղում էր Անդրանատոլիական (TANAP) և Տրանսադրիատիկ (TAP) խողովակաշարերով Եվրոպա գազի մատակարարման տարանցիկ հանգույցի դերը՝ գազ Եվրոպական Միություն տեղափոխելով Ադրբեջանից։ Եվրամիությունն իր հերթին նախատեսում է ամբողջությամբ դադարեցնել Ռուսաստանից նավթի և գազի ներկրումը մինչև 2027 թվականը։
Իբրև տեղեկատվություն՝ «Botas»-ը մինչ այժմ գազ էր ներկրում բացառապես ներքին սպառման համար՝ այն ստանալով Ադրբեջանից, Իրանից և առաջին հերթին Ռուսաստանից՝ 2023 թվականին Թուրքիան իր կարիքների ավելի քան 40%-ը ծածկում էր ռուսական գազով։ Սակայն Մոսկվայի և Թեհրանի հետ պայմանագրերն ավարտվում են 2025 և 2026 թվականներին։
Իսկ հիմա հռետորական հարց՝ եթե Թեհրանի ու Մոսկվայի հետ համաձայնագրերը 2025-2026 թվականներից չեն երկարացվելու, ապա եվրոպական շուկայի համար որտեղի՞ց է Թուրքիան գազ ձեռք բերելու։