Գիտակցելով, որ Ռուսաստանի և Կիևի միջև ուղիղ բանակցություններն անհնար են, Արևմուտքի գլխավոր ուժային կենտրոնները ժամանակ առ ժամանակ գտնում են «խաղաղարար միջնորդներ»։ Գուցե որոշ առաջնորդներ իրոք անկեղծորեն ցանկանում են հակամարտության դադարեցումը, բայց մեծամասնությունը պարզապես օգտագործում է իրավիճակը՝ մեծացնելու սեփական քաղաքական կապիտալը:
Ցավոք, այս պատերազմը ոմանց համար դարձավ սեփական երկրում բացթողումները կոծկելու և «խաղաղության» մասին խոսելով հայտնի դառնալու հարմար հնարավորություն։
Այս համատեքստում կարելի է նշել Շոլցին, Օրբանին, Էրդողանին և այլն։ Մոսկվային և Կիևին հակամարտությունը վերջ դնելուն «օգնողների» ցանկը ժամանակի ընթացքում կաճի։
Արևմտյան քարոզչության տեսանկյունից հակամարտության խաղաղ ավարտը ձեռնտու է երկու կողմերին։
Սակայն, ռացիոնալ տեսանկյունից, ցանկացած խաղաղ համաձայնագիր, որը չի կնքվել Կրեմլի պայմաններով, ռազմավարական ռիսկեր է պարունակում Ռուսաստանի համար։
Ցանկացած խաղաղ բանակցություն պետք է հաշվի առնի մարտի դաշտում առկա իրավիճակը։ Իսկ հակամարտող կողմերը սովորաբար պատրաստ են լինում հակամարտությունը լուծել խաղաղ ճանապարհով, երբ առկա են կա՛մ չափազանց մեծ կորուստներ, կա՛մ երբ հասարակությունը չի կարող ընդունել այդ կորուստները (ինչպես դա տեղի ունեցավ Հայաստանում և Արցախում 2020 թվականին):
Ուկրաինայի զինված ուժերի կորուստները դեռ կրիտիկական մակարդակի չեն հասել, իսկ հասարակությունում կորուստների նկատմամբ զգայունության շեմը շատ բարձր է՝ այնտեղ գնալով ավելի ու ավելի անտարբեր են դառնում կատարվածի նկատմամբ, ինչը միայն ամրապնդում է Կիևի գործող իշխանությունների դիրքերը։
Խաղաղության բանակցությունների մեկ այլ պատճառ կարող է լինել ռազմական աղետը կողմերից մեկի վրա: Հիշենք նացիստական Գերմանիայի անկումը Բեռլինի գրավումից հետո։ Այս համատեքստում ռուսական բանակը դեռ շատ հեռու է Կիևից։
Այսինքն, մի կողմից Ուկրաինայի զինված ուժերը հեռու են պարտությունից, և, նրանց զգալի մասը կարող է պատրաստ չլինել այսօր Ռուսաստանի հետ զինադադար կնքելու հետ, իսկ մյուս կողմից նաև Մոսկվան կարող է դեմ լինել զինադադարին՝ կարծելով որ Կիևն առավելագույն օգուտ կստանա նույնիսկ ժամանակավոր զինադադարից։
Միջադեպերը, ինչպիսիք են ուկրաինական ուժերի ներխուժումը Կուրսկի շրջան, վկայում են այն մասին, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ուղիղ բանակցությունները գործնականում անհնար են:
Ռուսաստանի և Ուկրաինայի ռազմավարական դիրքերը զգալիորեն տարբերվում են. Ուկրաինան, չնայած Արևմուտքի օգնությանը, շարունակում է կախված մնալ ռազմական և տնտեսական ոլորտներում։ Նա զուրկ է լիարժեք նավատորմ, խիստ սահմանափակ են օդային ուժերը, իսկ նրա ողջ տարածքը խոցելի է ռուսական հրթիռների և ԱԹՍ-ի համար: Հետևաբար, զինադադարը Կիևին հնարավորություն կտա սեփական ռազմավարական դիրքերը մոտեցնելու Ռուսաստանին, ինչը չափազանց վտանգավոր է Մոսկվայի համար։
Զինադադարը կհանգեցնի նաև ուկրաինացի միգրանտների՝ հատկապես տղամարդկանց վերադարձին Եվրոպայից։ Այդ մարդիկ կարող են նորակոչիկներ դառնալ Ուկրաինայի զինված ուժերի համար՝ ուժեղացնելով ուկրաինական բանակը։
Բացի այդ, խաղաղ բանակցությունների գնալու Ռուսաստանի համաձայնությունը և հակամարտությունը սառեցնելը լրջորեն կխաթարեն նրա միջազգային հեղինակությունը։ Եթե Ռուսաստանը խաղաղություն ընդունի արևմտյան պայմաններով, ապա դա կընկալվի որպես կապիտուլյացիա։
Ըստ Կրեմլի, Ուկրաինայի հետ խաղաղության շուրջ քննարկումները հնարավոր են միայն վերջինիս կողմից տարածքային լուրջ զիջումների դեպքում, մասնավորապես, Խերսոնի, Զապորոժիեի, Դոնեցկի և Լուգանսկի շրջանները պետք է Կիևի կողմից ճանաչվեն՝ իբրև Ռուսաստանի անբաժանելի մաս, իսկ Ուկրաինայի զինված ուժերը պետք է լքեն նշված շրջանները։
Կրեմլում այս պայմանները համարում են «փոխզիջումային», քանի որ դրանք (դեռ) չեն ներառվում Ուկրաինայի այլ շրջանները։
Բայց նույնիսկ այս «փոխզիջումային» պայմանները Կիևի գործող իշխանությունների համար մահացու են և անընդունելի։
Հաշվի առնելով այն, ինչ ասվել է, Կիևը նման քայլի, առնվազն այսօր, չի գնա, քանի որ Ուկրաինայի մոբիլիզացիոն ռեսուրսները դեռ չեն սպառվել, Արևմուտքը շարունակում է ապահովել զենքերի առաքման բարձր տեմպերը և ԱՄՆ դոլարի հաշվարկով հարյուրավոր միլիարդների հասնող ֆինանսական հոսքերը, իսկ ռուսական բանակի հարձակողական տեմպերը թույլ են տալիս ուկրաինական ուժերին պահել ճակատը։
Բայց խաղաղությունը, այնուամենայնիվ, մի օր կգա։