Իսրայելի ռազմավարական նպատակը պարզ է՝ էապես թուլացնել Իրանին և վերացնել նրա միջուկային ծրագրերը։ Այնուամենայնիվ, հարկ է նշել, որ Իրանը զգալիորեն տարբերվում է Իրաքից, ում հարցերը ժամանակին լուծվեցին համեմատաբար արագ: Վերջին տարիների տեխնոլոգիական զարգացումները փոխել են տարածաշրջանային հակամարտությունների բնույթը։ Մյուս կողմից Իսրայելն ներկա պահին չի բախվում գոյաբանական սպառնալիքի հետ, ինչպես դա անցյալում էր։ Հակառակը, նա այսօր ավելի շուտ ագրեսորի դիրք է գրավում։
Իրանը գործում է ըստ լավ մտածված ռազմավարության։ Իհարկե, իսրայելական կողմը շատ ինքնավստահ է և դրա համար ունի հիմքեր, բայց պարսիկները ավանդաբար առանձնանում են իրենց գործողությունները մանրակրկիտ պլանավորելու և հակառակորդի ուժերը ճշգրիտ գնահատելու ունակությամբ։ Խնդիրն այն է, որ Իսրայելը հակամարտության մեջ է քայլ առ քայլ ներքաշում ավելի լայն միջազգային ուժերի, և արդյունքում Իրանը ստիպված է զգուշանալ՝ խուսափելով Իսրայելի հարձակումներին ի պատասխան հապճեպ որոշումներից:
Իսրայելում կարծում են, որ արտաքին ճնշման ուժեղացումը կթուլացնի Իրանին ներսից՝ կործանելով նրա տնտեսությունը և ապակայունացնելով հասարակությունը։
Իրանն իր հերթին կարծում է, որ ուկրաինական պատերազմի հետևանքով Արևմուտքի տնտեսական հյուծվածությունը իր օգտին է խաղալու, քանի որ այն ստիպելու է առաջին հերթին Ռուսաստանին և Չինաստանին էլ ավելի ակտիվ իրեն աջակցել՝ ելնելով «իմ թշնամու թշնամին իմ ընկերն է» սկզբունքից:
Նաև պետք է հաշվի առնել, որ Եվրոպական և ամերիկյան տնտեսությունները թուլացել են, իսկ ՆԱՏՕ-ի զինանոցները զգալիորեն սպառվել են։
ԱՄՆ ներկայիս նախագահական ընտրությունները նույնպես ավելացնում են անորոշությունը և Վաշինգտոնի խոցելիության աստիճանը։ Բայդեն-Հարիսի վարչակազմը չի կարող ամբողջությամբ կենտրոնանալ Մերձավոր Արևելքի խնդիրների վրա, քանի որ ռեսուրսները ուղղվում են «ներքին շուկա»՝ Կամալա Հարիսի թեկնածությանը աջակցելուն:
2025 թվականին ԱՄՆ ապագա նախագահի քաղաքականության վերաբերյալ կարելի է մի քանի ենթադրություն անել։ Օրինակ, եթե Դոնալդ Թրամփը հաղթի, Իսրայելին աջակցությունը, ամենայն հավանականությամբ, կմնա անփոփոխ, եթե ոչ կավելանա: Եթե Կամալա Հարիսը հաղթի, հնարավոր են փոփոխություններ ԱՄՆ արտաքին քաղաքականության մեջ Մերձավոր Արևելքում։ Հարիսը բազմիցս հանդես է եկել տարածաշրջանում «երկու պետությունների» խաղաղ գոյակցության օգտին, ինչը կարող է լարվածություն առաջացնել Իսրայելի ներկայիս իշխանությունների հետ հարաբերություններում։ Սակայն չի բացառվում, որ նաև Հարիսի վարչակազմը նույն եռանդով աջակցի Երուսաղեմին։
Թուրքիա
Անկարայի դիրքորոշումն այս հակամարտությունում բավականին բարդ է ու բազմաշերտ, հատկապես հաշվի առնելով նախագահ Էրդողանի քաղաքականությունը։ Իհարկե Էրդողանը ուժեղացրել է իր հռետորաբանությունն ու քննադատությունն Իսրայելի հասցեին, հատկապես Պաղեստինի հարցում, սակայն Երուսաղեմի քաղաքականության դեմ իրական քայլերը մնում են սահմանափակ:
Չնայած քաղաքական տարաձայնություններին, տնտեսական տեսակետից Թուրքիան շահագրգռված է Իսրայելի հետ կապերի պահպանմամբ, ներառյալ առևտուրը և էներգետիկայի ոլորտում համագործակցությունը և այլն։ Ավելին, Իսրայելն ինքը կարիք ունի այդ համագործակցությանը։
Միաժամանակ, Էրդողանը ձգտում է Թուրքիային հաստատել որպես մահմեդական աշխարհի առաջնորդ և պաղեստինցիների իրավունքների պաշտպան, ինչը նրան դրդում է կոշտ հայտարարություններ անել Իսրայելի դեմ։ Միևնույն ժամանակ Անկարայում հասկանում են, որ հակամարտությունում ուղղակի միջամտությունը կարող է ապակայունացնել Թուրքիայի դիրքերը՝ դրանից բխող բոլոր բացասական հետևանքներով ոչ միայն տարածաշրջանում, այլև Իսրայելի կողքին կանգնած հավաքական Արևմուտքի «տարածքում։»
Չպետք է մոռանալ, որ Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է, և նրա մասնակցությունը Իսրայելի դեմ ռազմական գործողություններին կարող է կտրուկ բարդացնել իր հարաբերություններն Արևմուտքի, հատկապես ԱՄՆ-ի հետ։
Ուստի Անկարան պետք է հավասարակշռի իր հավակնությունների և միջազգային դաշինքները հաշվի առնելու անհրաժեշտության միջև։
Անկարայի քայլերի վրա ներազդում է նաև իրանական գործոնը։ Չնայած Թուրքիան հաճախ համերաշխ է Իրանի հետ Պաղեստինի հարցում, նրա շահերն ու ազդեցությունը տարածաշրջանում միշտ չէ, որ համընկնում են Իրանի հետ։ Այստեղ մենք գործ ունենք երկու մրցակից տարածաշրջանային խաղացողների հետ, որոնք ունեն մեծ հավակնություններ և ռեսուրսներ դրանց իրականացման համար թե՛ Մերձավոր Արևելքում, թե՛ նրա «հյուսիսային դարպասում», այն է՝ Հարավային Կովկասում։ Թուրքիան առաջին հերթին ձգտում է ամրապնդել իր ազդեցությունը Մերձավոր Արևելքում, բայց չի ցանկանում մեծ ռիսկերի գնալ։
Այսպիսով, կարելի է փաստել, որ Անկարայի հռետորաբանությունն ուղղված է առաջին հերթին ներքին լսարանին և Թուրքիայի՝ որպես ուժեղ խաղացողի իսլամական աշխարհում իմիջի պահպանմանը, սակայն այն կխուսափի Իսրայելի դեմ իրական քայլերից՝ հաշվի առնելով երկրի տնտեսական և ռազմավարական շահերը։
Հարավային Կովկաս. ռիսկեր և շանսեր
Մերձավոր Արևելքում լայնածավալ պատերազմի դեպքում Հարավային Կովկասի կանխատեսումները կարող են բավականին բարդ լինել, քանի որ այս տարածաշրջանը հայտնվել է մի քանի հիմնական խաղացողների՝ Իրանի, Թուրքիայի, Ռուսաստանի և Հավաքական Արևմուտքի շահերի խաչմերուկում:
Եթե Իսրայելի և Իրանի միջև լարվածությունը վերածվի բաց պատերազմի, դա ուղղակիորեն կազդի և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի անվտանգության վրա, քանի որ նրանք ուղիղ սահմաններ ունեն Իրանի հետ, իսկ հարևան երկրում անկայունությունն առաջին հերթին կարող է հանգեցնել միգրացիոն ճգնաժամի սրման։ Էներգակիրների, երթուղիների և առևտրային ուղիների նույնիսկ ժամանակավոր խափանումները «մահացու» վտանգավոր են առաջին հերթին Հայաստանի համար։
Հաշվի առնելով Անկարայի և Երուսաղեմի միջև բարդ, բայց պրագմատիկ հարաբերությունները, Թուրքիան Էրդողանի գլխավորությամբ կկարողանա մեծացնել իր ազդեցությունը Հարավային Կովկասում, մասնավորապես Ադրբեջանում, ինչը կարող է շարունակել ապակայունացնել տարածաշրջանային հավասարակշռությունը և ստեղծել գոյաբանական սպառնալիք ոչ միայն Հայաստանի, իբրև պետության, այլ նաև Ադրբեջանում իշխող Ալիևների վերնախավի համար։
Ռուսաստան
Ռուսաստանը տարածաշրջանում առանցքային խաղացող է, և՛ Իսրայելի, և՛, նամանավանդ, Իրանի հետ, հաշվի առնելով նրանց խորացող ռազմավարական դաշինքը, հարաբերություններում հնարավոր փոփոխությունները կարող են լարվածություն առաջացնել Կովկասում։
Մոսկվային անհրաժեշտ է անխափան հաղորդակցություն Իրանի հետ, և դա որոշակիորեն երաշխավորում է կայուն Ադրբեջանը, որի հետ պասիվ պատերազմի մեջ գտնվող Հայաստանը անվտանգության ու տնտեսական առումով կախված է Ռուսաստանից։ Այս ամենը նշանակում է, որ Մոսկվայի առաջնահերթությունների ցանկացած տեղաշարժ կարող է Երևանին ավելի խոցելի դրության մեջ դնել։
Երևանն իր հերթին ավանդաբար դրական է տրամադրված Թեհրանի նկատմամբ։ Շարիաթի օրենքներով ապրող և մեծամասամբ շիա դավանող Իրանը հաճախ է օգնել քրիստոնյա Հայաստանին՝ 1991 թվականին վերջինիս անկախությունից ի վեր: Բայց եթե Իրանը ներքաշվի ավելի լուրջ հակամարտության մեջ, նրա դերը որպես Հայաստանի պոտենցիալ դաշնակցի կթուլանա, ինչը կարող է դրդել Ադրբեջանին, որի դերը, ինչպես արդեն կանխատեսել ենք այս հոդվածում, կբարձրանա և՛ Անկարայի, և՛ Մոսկվայի համար, ավելի ագրեսիվ քայլերի կարող է դիմել տարածաշրջանային իր թշնամու՝ Հայաստանի նկատմամբ։
Միաժամանակ չի կարելի բացառել, որ իրանական ճգնաժամը կարող է ստիպել Բաքվին և Երևանին, հավելյալ ռիսկերից խուսափելու նպատակով, առճակատումը նվազեցնելու և համագործակցությունն ամրապնդելու ուղիներ փնտրել, ինչում առաջին հերթին շահագրգռված կլինեն Մոսկվան և Թեհրանը։
Մերձավոր Արևելքում հետագա էսկալացիայի և Իրանի ներգրավվածության պայմաններում Հարավային Կովկասը կարող է առանցքային դեր խաղալ, որպես էներգակիրների տարանցիկ ուղի, հատկապես, եթե Իրանը բախվի պատժամիջոցների կամ ֆիզիկապես սահմանափակվեն նրա արտահանման հնարավորությունները: Ադրբեջանը կարող է բարձրացնել Եվրոպային նավթի և գազի մատակարարի իր դերը, հատկապես հաշվի առնելով այն փաստը, որ ուկրաինական պատերազմի պատճառով ռեսուրսների սպառման պայմաններում Եվրոպան որոշել է դիվերսիֆիկացնել իր մատակարարումները և արդեն ստորագրել է Բաքվի հետ բազմամիլիարդանոց պայմանագրեր։ Անկարան (որպես տարանցիկ մատակարար): Այսինքն՝ Ադրբեջանի նշանակությունը կբարձրանա նաև Բրյուսելի համար։
Բացի վերը նշվածից, միջազգային տնտեսական նախաձեռնություններին առնչվող նախագծերին, ինչպիսին է Մետաքսի ճանապարհը, մասնակցությունը կարող է նպաստել Բաքվի դիրքորոշման կարևորությանը:
Երևանը կարող է փորձել ամրապնդել իր դիվանագիտական հարաբերությունները Արևմուտքի հետ, եթե իրեն դրսևորի որպես կայուն և կանխատեսելի երկիր՝ թուրքական և իրանական ագրեսիայի աճի և Ուկրաինայում պատերազմի շարունակման ֆոնին։ Այսինքն՝ հստակ դիրքավորվի, իբրև հակառուսական պետություն։
Ամփոփենք Հարավային Կովկասի կանխատեսումները
Ադրբեջանի համար բացվում են իր աշխարհաքաղաքական և տնտեսական ազդեցությունը բարձրացնելու և ամրապնդելու հնարավորությունները՝ օգտագործելով իր մերձությունըապերը Թուրքիայի, Ռուսաստանի, Չինաստանի և նույնիսկ Արևմուտքի, ավելի ճիշտ՝ Եվրամիության հետ, ինչպես նաև բարելավելու տնտեսական հեռանկարները էներգետիկ ռեսուրսների միջոցով:
Հայաստանի համար ռիսկերը կապված են Իրանի և Ռուսաստանի կողմից հնարավոր թուլացող աջակցության հետ, սակայն հնարավորություն կա ամրապնդելու դիվանագիտական և տնտեսական կապերը Արևմուտքի հետ, թեև անորոշ հեռանկարներով և, իհարկե, թե՛ Իրանի, թե՛ Ռուսաստանի գրգռվածության հաշվին։ Միաժամանակ Երևանում պետք է հաշվի առնեն, որ Արևմուտք ասելով հայերը պետք է հասկանան նաև կամ ավելի ճիշտ առաջին հերթին Թուրքիային։
Ընդհանուր առմամբ, Հարավային Կովկասը կարող է դառնալ խոշոր փոփոխությունների ասպարեզ՝ կախված այն բանից, թե ինչպես կզարգանա իրավիճակը Իրանի շուրջ։ Իսկ Հայաստանի և Ադրբեջանի հաջողությունը կախված կլինի փոփոխվող աշխարհաքաղաքական պայմաններին հարմարվելու նրանց կարողությունից: