Փորձեմ մի քանի մտքեր փոխանցել Լիբանանի հետ Իսրայելի պատերազմի մասին, ինչը կարդալուց հետո շատերը կկարողանան տեսնել «հայելու մեջ» սեփական ժողովրդին և իր նախկին ու ներկա էլիտային։ Նախ, կա հին կանոն. եթե ընտրում ես ամոթը պատերազմի փոխարեն, ապա ստանում ես և՛ պատերազմ, և՛ ամոթ:
Հեզբոլլահի և նրա հետևում կանգնած Իրանի ռազմավարությունը հիմնված էր «ոչ խաղաղություն, ոչ պատերազմ» մոտեցման վրա՝ ձգտելով խուսափել Իսրայելի հետ ուղիղ ռազմական առճակատումից՝ Արևմուտքի քաղաքական և տնտեսական ճնշումը չուժեղացնելու համար:
Այդ ժամանակ Հեզբոլլահը փաստացիորեն վերահսկում էր Լիբանանը և նրա միջազգային նավահանգիստներից ստացվող միլիարդավոր դոլարների եկամուտները: Արդյունքում նրա «տնտեսական» թևը կտրուկ ուժեղացավ՝ չցանկանալով պայքարել և փորձելով շարժումը վերածել զուտ քաղաքական ուժի։
Իսկ Իրանը կարծում էր, որ իր մարտավարությունով կարող է դուրս գալ միջազգային մեկուսացումից՝ նույնիսկ ընդունելով ամիսներ առաջ անհաջող «եղանակային պայմանները», որոնք հանգեցրին հայտնի ուղղաթիռի կործանմանը:
Արդյունքում, Հեզբոլլահը և Իրանը հայտնվեցին թե՛ բառացի, թե՛ փոխաբերական իմաստով ավերակների մեջ, որտեղ «թաղվեցին» ոչ միայն նրանց ռազմական և քաղաքական առաջնորդները, այլև ցածր ինտենսիվության հակամարտությունների միջոցով Իսրայելը հյուծելու իրենց ծրագրերը:
Այս ամենին զուգահեռ մենք կարող ենք նաև նկատել իսրայելական հետախուզական ծառայությունների փայլուն, երկարաժամկետ և նպատակասլաց քրտնաջան աշխատանքը։
Հավանաբար տարիներ առաջ էր «Մոսադը» սկսել (փեյջերների միջոցով) Հըզբոլլահի, ինչպես նաև, առնվազն մասամբ, Իրանի վերնախավի գործունեությունների վերահսկողությունը:
Շատ հավանական է, որ Հեզբոլլահի փեյջերը լիցքավորված են եղել ոչ միայն պայթուցիկներով, այլ նաև լսողական սարքերով, որոնք տեղեկատվություն են փոխանցել «Մոսադի» սերվերներին, ինչը բացատրում է Հեզբոլլահի և Իրանի բազմաթիվ առաջնորդների հաջող ֆիզիկական չեզոքացունը:
Ամբողջ կառավարման համակարգը մերկացնելուց հետո «Մոսադը» ցուցադրաբար պայթեցրեց հարյուրավոր փեյջերներ, ինչը հանգեցրեց Հեզբոլլահի շարքերում քաոսի և վերահսկողության կորստի։
Իսկ երբ Երուսաղեմը վերջնականապես հասկացավ, որ Իրանը և Հեզբոլլահը խուսափում են բաց պատերազմից, նույնիսկ մի շարք նշանակալի սպանությունների կապակցությամբ խայտառակ լռության գնով, Իսրայելն անցավ այն ամենին, ինչ անում է լավագույնն աշխարհում, այն է՝ լայնածավալ և արդյունավետ ավիահարվածներ, որոնց դեմ Լիբանանն այսօր ոչինչ չունի։ Իսրայելի հյուսիսային հարևանները չունեն հակաօդային պաշտպանության ժամանակակից համակարգեր, քանի որ նման համակարգեր ժամանակին չեն գնել։ Նույնիսկ երկրորդ տասնամյակը թևակոխած Սիրիական պատերազմը, որի ընթացքում իսրաելական օդուժը առանց սեփական կորստի հարվածներ է հասցնում, նրանց դաս չեղավ։
Հեզբոլլահի ուղղությամբ երկշաբաթյա ավիահարվածներն ավարտվեցին նրա ողջ ղեկավարության ոչնչացմամբ։
Այսօր Իրանի դիրքերը Լիբանանում զգալիորեն թուլացել են, և այն վերականգնելու համար կարող են ամիսներ և, հնարավոր է, տարիներ պահանջվել, եթե Թեհրանն ընդհանրապես հաջողի դա անել:
Սա առարկայական դաս է, թե ինչ է պատահում նրանց հետ, ովքեր չափազանց տարված են շահույթով և սուրը փոխանակում են քսակի հետ: Սակայն, վերը նշվածը չի նշանակում, որ Մերձավոր Արևելքում ռազմական առճակատումն ավարտվել է կամ մոտենում է ավարտին։ Հնարավոր է, որ ամեն ինչ դեռ նոր է սկսվում։
#Իսրայել #Իրան