Ռուսաստանի և Ադրբեջանի միջև տնտեսական կապերը ակտիվորեն զարգանում են, հոկտեմբերի 3-ին ասել է Ադրբեջանում Ռուսաստանի դեսպան Միխայիլ Եվդոկիմովը՝ առանձնացնելով Հյուսիս-Հարավ երկաթուղային միջանցքի և Նախիջևանով Թուրքիա տանող երթուղու զարգացման նախագծերը։
Ռուս դիվանագետը կիսվել է նաև Ղարաբաղ կատարած թվով չորս այցերից իր տպավորություններով։ Նրա խոսքով, իր վրա մեծ տպավորություն են թողել այդ տարածքներում վերականգնողական լայնածավալ աշխատանքները։
Մի կողմ թողնելով էմոցիաները՝ փորձենք հասկանալ, թե ինչ կարող են նշանակել Ադրբեջանում Ռուսաստանի դեսպանի նշած նախագծերը Հայաստանի համար 2020 նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության համատեքստում, որը Ռուսաստանի միջնորդությամբ վերջ դրեց Արցախում ընթացող Հայաստանի և Ադրբեջանի միջև մարտերին։
Եռակողմ հայտարարության առանցքային կետերից մեկը տարածաշրջանում տրանսպորտային կապերն ապաշրջափակելու հանձնառությունն է։ Այս համատեքստում Հյուսիս-Հարավ երկաթուղային նախագիծը և Նախիջևանով դեպի Թուրքիա երթուղին կարող են դառնալ նոր տրանսպորտային ուղիների ստեղծման ջանքերի մի մասը: Հայաստանի համար դա կարող է նշանակել առևտրի և տարանցման համար մուտք դեպի այդ միջանցքները, ինչը կարող է խթան հանդիսանալ նրա տնտեսական զարգացման և տարածաշրջանային լոգիստիկ ցանցերին ինտեգրվելու համար, այդ թվում՝ «3+3» ձևաչափով։
Հարկ է նշել, որ 2008 թվականից Հայաստանի երկաթուղիները գտնվում են «Ռուսական երկաթուղիներ» ռուսական պետական կորպորացիայի դուստր ձեռնարկության վերահսկողության տակ։
Բացի այդ, եռակողմ համաձայնագրի վերջին կետը նախատեսում է նաև Հայաստանի տարածքով տրանսպորտային կապի ստեղծում, որը Նախիջևանը կմիացնի Ադրբեջանի մնացած տարածքների հետ և կվերահսկվի Ռուսաստանի Անվտանգության Դաշնային Ծառայության (ФСБ) կողմից։ Նախիջևանով դեպի Թուրքիա երթուղու զարգացումը, որի մասին խոսել է ռուս դիվանագետը, ուղղակիորեն կապված է վերը նշված հայտարարության 9-րդ կետի կետի հետ։ Հայաստանի համար դա կարող է նշանակել իր տարածքով տարանցման հնարավորությունների բացում, բայց դա նաև ինքնիշխանության և անվտանգության հետ կապված մտահոգություններ է առաջացնում, հաշվի առնելով մի շարք հանգամանքներ։
Ռուսաստանի ակտիվ մասնակցությունը Ադրբեջանի և Թուրքիայի միջև ենթակառուցվածքային նախագծերին ցույց է տալիս ոչ միայն որպես եռակողմ համաձայնագրի պայմանների կատարման երաշխավորի, այլև որպես տարածաշրջանային առանցքային խաղացողի դերը ամրապնդելու Մոսկվայի ցանկությունը։ Սա Հայաստանի համար կարող է ունենալ և՛ դրական, և՛ բացասական հետևանքներ։ Մի կողմից, Ռուսաստանը շարունակում է հանդես գալ որպես Երևանի անվտանգության երաշխավոր (նույնիսկ եթե դա չեն նկատվում կամ չեն ցանկանում նկատել Երևանում), մյուս կողմից՝ նրա տնտեսական մերձեցումը Բաքվի և Անկարայի հետ մտահոգում է Հայաստանին։ Սակայն Հայաստանում այս իրավիճակը պետք է կանխատեսվեր դեռևս 1990-ականների սկզբին, բայց սա մեկ այլ հոդվածի թեմա է։
«Ազատագրված տարածքներում» ընթացող աշխատանքները, որոնց մասին խոսեց ռուս դիվանագետը, կարող են ընկալվել, իբրև խաղաղ գործընթացի մաս, որին Մոսկվան շարունակելու է մասնակցել՝ անկախ Հայաստանի իշխանության և ընդդիմության դիրքորոշումից։ Հայաստանի համար դա նշանակում է, որ 2020 թվականի եռակողմ համաձայնագրի 9-րդ կետի կատարումն անխուսափելի է, և այդ ամենը տեղի կունենա առանց Լեռնային Ղարաբաղի հիշատակման։ Սակայն այս ողբերգության համար մեծապես պատասխանատու է հենց հայկական կողմը, քանի որ 2021 թվականին նա կրկին ընտրեց 2020 պատերազմում պարտված իշխանությանը, որն էլ իր հերթին Պրահայում 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Արևմուտքի հորդորներով և «քավորությամբ», այդ ժամանակահատվածում ուկրաինական ճակատում ռուսական կողմի դժվարությունների պայմաններում Արցախը ճանաչեց Ադրբեջանի մաս։ Բայց սա նաև մեկ այլ հոդվածի թեմա է։
Այսպիսով, տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձությունները խոսում են 2020 նոյեմբերի 10-ի եռակողմ համաձայնագրի 9-րդ կետի կատարման, տարածաշրջանում Ռուսաստանի ազդեցության ուժեղացման մասին, առաջին հերթին՝ Հայաստանի նկատմամբ։
Կրկնենք. թեև այս նախագծերը Հայաստանին տալիս են տրանսպորտային նոր հնարավորություններ, սակայն դրանք նաև լուրջ մարտահրավերներ են ներկայացնում նրա համար՝ բարդացնելով մերձեցումը Արևմուտքի հետ, որի մասին այսօր Երևանուն երազում են թե՛ իշխանությունները, թե՛ ընդդիմության մեծ մասը, և՛ գրեթե ողջ հայ հասարակությունը։
#Հայաստան #Ռուսաստան